13/09/2022 14:40
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՊՆ (Տեսանյութ)
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 14։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
«Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49, արդեն հրապարակվել է հանրապետության վարչապետի կողմից։ Տվյալների լիարժեք ճշտումներից հետո պաշտպանության նախարարությունը լրացուցիչ տեղեկություններ կհայտնի զոհերի և վիրավորների թվի մասին:
Ինչպես արդեն նշվել է, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան: Պաշտպանության նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական տելեգրամ ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ կապված հայ զինծառայողների հետ։ Դրանց վերաբերյալ նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։
Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով», - նշված է հայտարարությունում: