13/09/2022 22:56
Առաջարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին գործուղել հակամարտության գոտի, ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակի վերլուծության և առաջարկների մշակման համար
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որն անցկացվել է Հայաստանի նախաձեռնությամբ, առաջարկվել են քայլեր՝ հայ-ադրբեջանական սահմանի առաձին շրջաններում իրավիճակի սրման հետ կապված, հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ստեղծված իրավիճակը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն։ Առաջարկվել են քայլեր, որոնք հնարավոր են համարվում ձեռնարկել օպերատիվ կարգով, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին ներկայացվելիք մանրամասն զեկույց պատրաստելու նպատակով, աշխատանքային խմբի ստեղծում՝ կազմված ՀԱՊԿ քարտուղարության և միասնական շտաբի աշխատակիցներից՝ իրավիճակի վերլուծության և առաջարկների մշակման համար»,- նշել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը ՀԱՊԿ արտահերթ նիստի ժամանակ ասել է, որ Մինսկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չի տեսնում, այն պետք է լուծվի բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով։