13/09/2022 16:34
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն անհրաժեշտ է դիտարկել փաթեթային տրամաբանության մեջ․ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկները
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը առաջարկներ էր ներկայացրել, որոնք պետք է ընդգրկվեին Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստում:
«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրել է իր առաջարկությունները.
• Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները նրա որդեգրած հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումն են:
• Այս և նախորդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը չի փոխել իր մտայնությունն ուժի միջոցով լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, ավելին՝ անպատիժ մնալով ՀՀ սուվերեն տարածքի վրա նախորդ ոտնձգություններից հետո՝ արդեն իսկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Այս գործելաոճով Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը:
• Ստեղծված իրավիճակը նաև Հայաստանի կողմից հետպատերազմյան ժամանակահատվածում անվտանգային ներուժի վերականգանմանն ուղղված գործողությունների և դիվանագիտական աշխատանքի ոչ լիարժեք իրականացման հետևանքն է:
• Ստեղծված իրավիճակն ապացուցում է, որ խաղաղության դարաշրջանի մասին խոսակցությունները համարժեք չեն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին, տարածաշրջանային իրողություններին և աշխարհաքաղաքական զարգացումներին:
• Ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն անհրաժեշտ է դիտարկել փաթեթային տրամաբանության մեջ, քանի որ այդ երկու հիմնախնդիրների տարանջատումը հղի է Արցախի և Հայաստանի համար գոյաբանական անդառնալի խնդիրներով: