14/09/2022 22:14
«Զինվորները զանգել են ինձ ու հարցրել՝ ճի՞շտ է, որ թուղթ է ստորագրվել». Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ փաստաթուղթ չի ստորագրել (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է ՝ առաջիկայում որևէ փաստաթուղթ չի ստորագրելու:
«Այս պահի դրությամբ ոչ մի թուղթ չեմ ստորագրել, այդպիսի բան նախատեսված չի եղել, ժողովուրդ ջան, թղթի նախագիծ չկա այսօր իմ սեղանին դրած, որը պիտի կամ ստորագրվի, կամ չստորագրվի, առաջիկա օրերի համար էլ այդպիսի բան նախատեսված չէ: Ընդհանրապես, այս պահին որևէ տեքստ, թուղթ չկա, որ կամ ստորագրեմ, կամ չստորագրեմ», - ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե զինվորները զանգել են իրեն ու հարցրել «ճի՞շտ է, որ թուղթ է ստորագրվել, էլ մեր սահմանը չենք պահո՞ւմ»:
Վարչապետն ասաց, թե Հայաստանը խաղաղության օրակարգ է որդեգրել ու միշտ ասել՝ խաղաղության օրակարգի իրագործումը մեկ կողմից կախված չէ:
«Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել, ու մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները: Ադրբեջանն առաջարկել է կետեր խաղաղության պայմանագրի համար, մենք ասել ենք, որ մեզ համար այդտեղ անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ դա Հայաստան-Ադրբեջան օրակարգի ոչ բոլոր հարցերն է ներառում, մենք, մեր հերթին, լրացրել ենք այդ օրակարգը», - ընդգծեց նա: