14/09/2022 12:01
Ստանիսլավ Զասին տարածաշրջան գործուղելու որոշումը «դատարկ որոշում էր». Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է համարում
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի համար ՀԱՊԿ երեկվա նիստի արդյունքը մակերեսային է, «թեև զարմանալի չէ»։
Ըստ նրա՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը «դատարկ որոշում էր», որը նպատակ ուներ խուսափել կոլեկտիվ պատասխանատվությունից Հայաստանի դեմ հարձակման պայմաններում։
«Հետագա մեկնաբանությունները «օբյեկտիվ պատկեր ստանալու անհրաժեշտության մասին, քանի որ հակասական տեղեկություններ են ստացվում երկու կողմերից» և, որ «դժվար է խոսել սահմանի խախտման մասին», քանի որ «այն սահմանազատված չէ», լավագույնս բնութագրում է ՀԱՊԿ անիմաստությունը...», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ երեկ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի և ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ առաքելություն ուղարկել Հայաստանի Հանրապետություն՝ առկա իրավիճակը գնահատելու, Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում (որը նախատեսված է անցկացնել աշնանը՝ Երևանում) տարածաշրջանում տիրող իրավիճակի և առաջացած լարվածության թուլացման առաջարկների վերաբերյալ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց ներկայացնելու համար։