14/09/2022 01:09
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, միացյալ շտաբի պետը, Կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները կգործուղվեն Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար․ ՀԱՊԿ քարտուղարություն
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որն անցկացվել է Հայաստանի նախաձեռնությամբ և տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով, որոշվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նախագահությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը, հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարությունը։
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի և ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ առաքելություն ուղարկել Հայաստանի Հանրապետություն՝ առկա իրավիճակը գնահատելու, Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում (որը նախատեսված է անցկացնել աշնանը՝ Երևանում) տարածաշրջանում տիրող իրավիճակի և առաջացած լարվածության թուլացման առաջարկների վերաբերյալ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց ներկայացնելու համար»,- նշված է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությունում։
Նիստում որոշվել է նաև ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներից և միացյալ շտաբի զինվորական անձնակազմից՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակի մշտադիտարկման համար։