14/09/2022 09:55
«Ժողովուրդ». Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու: Հայաստանի կենտրոնական բանկն առաջարկում է վերանայել «Բոնուս-Մալուս» համակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաշվի կառնվի նաև ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն՝ նրանց պատկանող ավտոմեքենաների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը և դրանց համար վարորդներից հանված բալերի քանակը։
Ի դեպ, տեղեկացնենք, որ սկսած 2023 թվականից՝ ավտոապահովագրողների բյուրոն նախատեսում է սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում դրսևորվող կարգապահության միջև։ ՀՀ ոստիկանության տեղեկատվական-փնտրողական համակարգից ԱՊՊԱ-ի համակարգ կփոխանցվի վարորդների կողմից ավտոմեքենաներով կատարվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կամ այդպիսի խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նրանց տրվող տուգանային միավորների վերաբերյալ տեղեկությունը»։