15/09/2022 00:27
Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր հայտարարություն է տարածել․
«Մեկ անգամ ևս անդրադառնալով թեմային՝ նշեմ, որ Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։
Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։
Հավելեմ՝ առ այսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ»։
Նշենք, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանը կրկին հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով․ «Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին»։