15/09/2022 09:59
«Հրապարակ». «Նիկոլ Փաշինյանը չի ծառայում մեր ժողովրդին. Մենք այսօր պիտի հստակ ներկայացնենք իր հեռացման պահանջը». Զոհվածի ծնող
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ժողովուրդն ինքնաբուխ սկսեց հավաքվել Ազգային ժողովի մոտ: Միաժամանակ լուր ստացանք, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ստեփանակերտում նույնպես դուրս են գալիս փողոց: Մարդիկ Փաշինյանի ելույթը խորհրդարանում ընկալել էին որպես նոր կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման մասին հայտարարություն: Եվ չնայած բարձրացած աղմուկը դադարեցնելու համար իշխանական քարոզիչները սկսեցին հերքող ստատուսներ գրել և հավատացնել, որ ոչ մի բան չի ստորագրվելու, սակայն մարդիկ չէին հավատում այդ լուրերին և երեկոյան ժամը 9-ից սկսած՝ սկսեցին հավաքվել խորհրդարանի մոտ:
«Ժողովուրդ, հորդորում եմ՝ հենց հիմա եկեք։ Նիկոլի վերաբերյալ մենք պիտի ցույց տանք մեր վերաբերմունքը։ Նա չի ծառայում մեր ժողովրդին, հասկացեք վերջապես։ Մենք այսօր պիտի հստակ ներկայացնենք իր հեռացման պահանջը»,- հայտարարում էր զոհված զինծառայողներից մեկի հայրը»։