Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը «Փելոսիի այցի մանրամասները. Հայաստան երբևէ այցելող ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան» վերտառությամբ վերլուծություն է ներկայացրել։
Նա հիշեցրել է, որ օգոստոսի 23-ին և 25-ին գրել էր Փելոսիի այցի մասին իր ֆեյսբուքյան էջում ու հիմա կարող է արդեն փակագծեր բացել և մանրամասներ ներկայացնել:
«1. Փելոսին Ամերիկայի ամենից ազդեցիկ քաղաքական գործիչներից է, նախագահ Բայդենի թիմակիցը:
2. Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է:
3. Այցը տարածաշրջանային չէ, Գերմանիայից գալիս է ուղիղ Հայաստան: Այլ պետություններ չի գնալու: Այսինքն, հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական օրակարգ չկա (առնվազն այս պահին):
4. Ամերիկյան մամուլում տեղեկություններ կան, որ Փելոսին օգնելու է իր կուսակցությանը հաղթել նոյեմբերին, հետո անցնել այլ աշխատանքի (դեսպան նշանակվել):
5. Իհարկե, նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, դեմոկրատներին պետք են հայկական ձայներ: Սակայն, պետք է հաշվի առնել, որ Փելոսին հայերի լավագույն բարեկամներից է Կոնգրեսում և Հայաստան գալը նաև անձնական մոտիվ ունի (մանավանդ հնարավոր պաշտոնաթողությունից առաջ):
6. Եվ ամենակարևորը` երբ ազդեցիկ գործիչը որոշել էր գալ, դեռ ադրբեջանական ագրեսիան տեղի չէր ունեցել: Հանգիստ կարող էր չեղարկել, հետաձգել այցը, կամ Բաքու էլ գնալ՝ պարիտետը պահելու նպատակով: Նրա ամուսնու անվան շուրջ էլ վերջերս սկանդալ էր ԱՄՆ-ում: Սակայն, Փելոսին որոշել է՝ չնայած պատերազմին և ներամերիկյան քաղաքական գործընթացներին, այդուհանդերձ, գալ Հայաստան և մենք պետք է այս հանգամանքը ի օգուտ մեզ օգտագործենք (եթե ունակ ենք):
Ի դեպ, հենց տեղեկացել եմ այցի մասին (մոտ մեկ ամիս առաջ), առաջարկել եմ, որ Նենսի Փելոսին այցելի նաև Արցախ: Առաջարկս ընդունել են, թե ոչ՝ տեղյակ չեմ», - Facebook-ում գրել է Սարգսյանը։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: