16/09/2022 19:46
Ալիևը Պուտինի հետ հանդիպմանը պնդել է՝ հայ-ադրբեջանական սահմանին բախումները 8 ժամից քիչ են տևել, նաև վստահեցրել է՝ «Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել» (Թարմացված)
Համակարգված ջանքերով հաջողվել է կանգնեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, բայց իրավիճակը լարված է մնում, Սամարղանդում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Լավ է, որ համակարգված ջանքերի գործադրմամբ էսկալացիան, այնուամենայնիվ, հաջողվեց կանգնեցնել, բայց, որքանով հասկանում եմ, լարված իրավիճակը պահպանվում է»,- ասել է Պուտինը։
Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հակամարտությանն օպերատիվորեն արձագանքելու համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիային, լարվածությանը օպերատիվորեն արձագանքելու համար։ Բախումները տևել են 8 ժամից էլ քիչ, և այն, որ դրանք դադարել են, թեպետ հայկական կողմը միանգամից չսկսեց պահպանել հրադադարի ռեժիմը, բայց, ընդհանուր առմամբ, արդեն երկու օրից ավելի է՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ դա խոսում է այն մասին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էկալացիայի մտադրություն չեն ունեցել»,- ասել է Ալիևը։