16/09/2022 20:01
Այժմ կարևորը հարաբերությունների կարգավորման գործընթացին վնաս չհասցնելն է և այդ ուղղությամբ առաջ ընթանալը․ Ալիևը՝ Պուտինին
Սամարղանդում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ «հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հաջողվել է կայունացնել», հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Տեղից ստացվող ինֆորմացիայի համաձայն, ինչպես արդեն նշեցի, արդեն երկրորդ օրն է՝ իրավիճակը կայուն է։ Այժմ կարևորը հարաբերությունների կարգավորման՝ մեկնարկող գործընթացին վնաս չհասցնելն է ու այդ ուղղությամբ առաջ ընթանալը»,- ասել է նա։
Ալիևը հայտարարել է նաև, որ ողջունում է Ռուսաստանի ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ Ադրբեջանը հավատարիմ է եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի իրավիճակը Կովկասում կայուն լինի»,- ասել է նա։