16/09/2022 18:27
Արտակարգ դեպք՝ Երևանում. գիշերը պայթուցիկ են նետել կառավարական ամառանոցների մոտ ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ Կոնդի եկեղեցու դիմաց ծառայություն կատարող ոստիկանության զորքերի ծառայողների ուղղությամբ անհայտ անձը պայթուցիկ է նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Մխիթարյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը, ապա դեպքի վայրի տարբեր հատվածներում հայտնաբերել են 1 հատ ճայթած ինքնաշեն պայթուցիկ և 1 հատ չճայթած ինքնաշեն կանաչ կպչուն ժապավենով փաթաթած պայթուցիկ:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ԱԻՆ կինոլոգն ու սակրավորը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: