16/09/2022 14:09
Հարգելի՛ միջազգային գործընկերներ, վիճակն օրհասական է, գործե՛ք. Թագուհի Թովմասյան
Միջազգային հանրության կողմից իրավաքաղաքական մեխանիզմների գործարկումը դարձել է կենսական անհրաժեշտություն՝ կանխելու հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ևս մեկ ցեղասպանություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իմ միջազգային բոլոր գործընկերներին հերթական նամակներով ահազանգել եմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ՀՀ քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների, խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։
Սեպտեմբերի 13-ից սկսած` բազմաթիվ գրություններ եմ հասցեագրել աշխարհի տարբեր կառույցների և գործիչների՝ ահազանգելով, թե ինչպես են 21-րդ դարում հայերը միայն հայ լինելու համար խոշտանգվում միջազգային հանրության աչքի առաջ, ինչպես են թիրախավորվում կանայք, երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես է հայ խաղաղ բնակչությունը ստիպված լինում լքել իրենց տները, որպեսզի փրկեն իրենց կյանքը Ադրբեջանի հրետակոծությունների պայմաններում։
Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի, այդ թվում նաև միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումներն այնքան ակնհայտ և փաստարկված են, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանցագործությունների ուղղությամբ իրավաքաղաքական մեխանիզմների գործարկումը դարձել է կենսական անհրաժեշտություն։
Հարգելի՛ միջազգային գործընկերներ, Ձեր հրատապ և գործնական քայլերը կարող են փրկել Ադրբեջանի հերթական ցեղասպանությունը հայերի նկատմամբ։
Վիճակն օրհասական է, գործե՛ք», - գրել է նա: