16/09/2022 15:20
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Նենսի Փելոսիին կոչ է անում դադարեցնել ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, քանի որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ Արցախում շարունակում է բնիկ հայերի էթնիկ զտումները։
Նենսի Փելոսիի Հայաստան այցին ընդառաջ՝ վերջինիս հղված նամակում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն անդրադարձել է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությանը՝ նկատելով որ դրա դադարեցումը, ինչպես նաև հայ ժողովրդին պաշտպանելն ու խաղաղության խթանումը կուժեղացնի մարդու իրավունքների հանդեպ ամերիկյան հանձնառությունը, որպես արտաքին քաղաքականության առանցքային դրույթ։
Հանդես գալով ամերիկահայ համայնքի և Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կոալիցիոն գործընկերների անունից՝ Համբարյանը Ներկայացուցիչների պալատի խոսնակին հորդորել է ձեռնարկել որոշակի օրենսդրական գործողություններ՝ երաշխավորելու համար, որ 2023թ․ ֆիսկալ տարվա համար նախատեսված ԱՄՆ արտաքին օժանդակության և «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» ֆոնդերից Ադրբեջանը չստանա որևէ տեսակի օժանդակություն։ Ավելին, Համբարյանը կոչ է արել վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջները և ԱՄՆ նախագահին օրենսդրորեն զրկել այդ ակտի հոդվածների պահանջները շրջանցելու իրավունքից, ինչպես նաև առհասարակ բացառել Ամերիկյան Կոնգրեսի կողմից հաստատված որևէ ծրագրով Ադրբեջանին օժանդակության տրամադրումը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆիի Համբարյանի՝Նենսի Փելոսիին ուղղված նամակը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.ancnews.info/?p=20472 ։