16/09/2022 22:37
«Պատկերացրեք՝ մենք ունենք ատրճանակ, որը չի կրակում»․ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ դժգոհ են ՀԱՊԿ-ից, իսկ Ռուսաստանից ակնկալում են «ոչ կցկտուր խոսքեր»
«Մենք շատ դժգոհ ենք։ Այն ակնկալիքները, որոնք կային, չեն արդարացել»,- Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքներին, ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա հավելել է՝ իրենք երկար ժամանակ հասարակությանը չեն կարողանալու բացատրել՝ «ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչը նախատեսված է»։
«Եվ բնական է, մենք դրանից հետևություններ ենք անելու, և արդեն անում ենք, արդեն արել ենք։ Մենք հիմա էլ ենք սպասում, որովհետև հարց կառաջանա՝ էլ ինչի՞ն սպասել, էլ ու՞ր սպասել, բայց եկեք ժողովրդական լեզվով օրինակ բերեմ․ պատկերացրեք, մենք ունենք ատրճանակ, որը չի կրակում, բայց այդ ատրճանակով մենք առնվազն կարող ենք, չգիտեմ, հարվածել, կամ ցույց տալ, որ մեզ մոտ ատրճանակ կա»,- ասաց նա։
Հեռուստահաղորդավարի դիտարկմանը, թե Ադրբեջանը լուրջ չի ընդունում այդպիսի «ատրճանակի» գոյությունը, Ալեն Սիմոնյանն արձագանքել է․
«Ես լիովին կիսում եմ այդ գնահատականը, ես լիովին կիսում եմ այդ գնահատականը։ Մենք հիմա խոսում ենք այն բանի մասին, թե ինչ անել, իսկ այսօր կտրուկ շարժումներ անելու, ես կարծում եմ, ճիշտ ժամանակը չէ։ Բայց գնահատականը լիովին կիսում եմ»։
Սիմոնյանը հիշատակել է նաև ՌԴ -ՀՀ փոխօգնության պայմանագրի մասին։
«Ակնկալում ենք մեր ռուս գորրծընկերներից շատ ավելի շոշափելի քայլեր՝ ոչ թե հայտարարությունների մակարդակով կամ կցկտուր, ինչ-որ կիսատ խոսքերի մակարդակով։
Ես զարմացած եմ, իմ անհամաձայնությունն եմ հայտնում, որ օրինակ՝ իրենց Հանրային հեռուստաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ որ Հայաստանի ղեկավարության հանդեպ հնչում են սադրիչ հայտարարություններ, և նման հռետորաբանությունը լուսաբանվում է իրենց Հանրային հեռոստաընկերությամբ»,- հայտարարել է Սիմոնյանը՝ հավելելով, որ իրենք չեն հասկանում այդ «մարտավարությունը»։
«Կարո՞ղ է՝ դա անճարությունից է, չգիտեմ»,- ասել է նա։