16/09/2022 17:36
«Մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նաև տնտեսության բնագավառում, իրականացվում են հաջողությամբ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՎԶԵԲ նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի լրանում է երկկողմ համագործակցության 30-ամյակը և այս երեք տասնամյակների համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգացել ու ամրապնդվել: Վարչապետի խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստել է նաև ՀՀ տնտեսության կայունությանը, այդ թվում՝ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նաև տնտեսության բնագավառում, իրականացվում են հաջողությամբ, ինչի արդյունքում տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն բարձրացել է 11-րդ հորիզոնական: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ ամենը կնպաստի մեր երկրում հետագա տնտեսական ակտիվությանն ու զարգացմանը:
ՎԶԵԲ նախագահը ևս գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են: Տիկին Բասսոն կարևորել է ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր»,- նշված է կառավարության հաղորդագրությունում։