16/09/2022 18:01
Հայաստանի խնդիրը ոչ թե անընդհատ զիջումների գնալը պետք է լինի, այլ դիմադրողական ոգին վերականգնելը․ Սեյրան Օհանյան
Այս իշխանությունները երևի չգիտեն՝ ով է թուրքը, ադրբեջանցին։ Իրենց թվում է, թե եթե երկրի սահմանների, տարածքների մի մասը տան, թուրքը դրանով բավարարվելու է․ այդպես չի լինելու կյանքում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Այսինքն՝ խաղաղության օրակարգը կեղծ օրակարգ է։ Չի կարող լինել խաղաղություն, եթե դու դիմում ես խաղաղության նախաձեռնություններով, իսկ Ադրբեջանը սանձազերծում է հերթական գործողությունները, խոսքը շարունակեց Սեյրան Օհանյանը՝ շեշտելով՝ ՀՀ իշխանությունները, նաև հասարակական-քաղաքական հարթակը այս ընթացքում չեն կարողացել միջազգային հանրությանը ներկայացնել այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարել է Ադրբեջանը։
Բացի այդ, ըստ Սեյրան Օհանյանի, Հայաստանի խնդիրը ոչ թե անընդհատ զիջումների գնալը պետք է լինի, այլ դիմադրողական ոգին վերականգնելը։
«Ատամ պետք է ցույց տանք բոլորին։ Երբ կողքից գալիս և տեսնում են, որ դու քո տունը չես պաշտպանել, ոչ մեկն էլ չի ուզելու երկար մնալ քո տանը»,- ասաց նա։
Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը չբացառեց նաև, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից բերված վարձկանները և ահաբեկչական խմբավորումները նաև հայ-ադրբեջանական սահմանին թշնամու հրահրած վերջին ռազմական գործողություններին են մասնակցել։
«Չի բացառվում, որ վարձկաններ, ահաբեկչական խմբավորումներ կան, որովհետև վերջին տեսագրություններից մեկի ժամանակ նաև արաբերեն խոսակցություն կար։ Ե՛վ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներում հատուկ սովորեցնում են խոշտանգումներին։ Այդ խոշտանգումներն ու վայրագությունները շարունակվելու են»,- ասաց նա։