16/09/2022 16:29
Տիեզերք արձակած արբանյակը չի կարող օգտագործվել սահմանների հսկողության համար. այն պիտանի որեւէ տվյալ անցած ամիսներին չի տրամադրել․ «Փաստինֆո»
Տիեզերք արձակված հայկական առաջին արբանյակից դեռեւս պիտանի որեւէ տվյալ չի ստացվել, գրում է «Փաստինֆո»-ն՝ ընդգծելով, որ այս մասին փաստում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնելով, որ այս ամիսներին միայն համակարգերն են թեստավորվել։
ՀՀ կառավարության մայիսի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «Space X» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը: Հայտարարվում էր, որ արբանյակը թողարկվել է մի շարք պետական մարմինների կարիքները բավարարելու համար։
«Արբանյակի միջոցով արված լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության ու այլ ոլորտներում», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Ամիսներ անց՝ սեպտեմբերի 6-ին, «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ պարզելու, թե, ի վերջո, արբանյակից տվյալներ ստանու՞մ ենք, թե՞ ոչ, ո՞ր ոլորտներում են դրանք օգտագործել, որքանո՞վ են պիտանի եղել։
ԱԻՆ-ից հայտնել են, որ հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածում ԱԻՆ-ն իր աշխատանքներում չի օգտագործել ստացված տվյալները՝ առաջարկելով արբանյակի վերաբերյալ հարցադրումներն ուղղել ԲՏԱ նախարարությանը, իսկ վերջինս էլ ուղղակի արձանագրել էր, որ օգտակար տվյալ փաստացի այս պահին չի ստացվել, էլ ուր մնաց օգտագործվեն սահմանների հսկողության համար։
«Արձակված արբանյակը գործում է արեւասինխրոն ցածր ուղեծրի վրա։ Արբանյակից ստացված տվյալներն այս պահին օգտագործվում են սարքի համակարգերի թեստավորման և կարգաբերման նպատակով: Ներկայումս ընթանում է արբանյակի բոլոր ենթահամակարգերի պլանային թեստավորման և կարգաբերման գործընթացը», - «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԲՏԱ նախարարության գլխավոր քարտուղարը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։