16/09/2022 12:19
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի և անհնար է. Արցախի պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի և իշխանությունների ուղենիշային անսակարկելի ճշմարտությունները: Արտակ Բեգլարյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների համար կան ուղենիշային անսակարկելի ճշմարտություններ, մասնավորապես՝
1.Արցախի ապագային առնչվող վճռորոշ հարցերը պետք է որոշվեն առաջնահերթորեն Արցախի հայության կողմից, որտեղ ողջ հայ ժողովրդի դերակատարությունը ևս կարևոր է՝ հաշվի առնելով Արցախի բացառիկ նշանակությունը հայ ազգի ու Մայր Հայաստանի համար․
2.Ադրբեջանա-արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ իրացման ու ճանաչման հիմքով՝ նպատակ ունենալով հասնելու անկախության միջազգային ճանաչման․
3.Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի և անհնար է, քանի որ՝
Արցախը պատմականորեն բացառապես հայ ժողովրդի հայրենիքն է և պատմության զեղծարարությամբ ադրբեջանցիները չեն կարող յուրացնել մեր հայրենիքը,
Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է ազատ ու անկախ պետականություն ունենալու օգտին և մենք ենք մեր ճակատագրի որոշողները,
Դարավոր թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հայերի հանդեպ և հատկապես վերջին տասնամյակների շարունակական ու ահագնացող հայատյացության քաղաքականությունը պարզապես գոյաբանական առումով բացառում են Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում.
4.Մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն, իսկ տեղահանված քաղաքացիները՝ վերադառնան հայրենի տներ.
5.Արցախն ու Մայր Հայաստանը պետք է ուղիղ, հուսալի ու ինքնիշխան ցամաքային կապ ունենան միմյանց հետ.
6.Մենք պատրաստ ենք պահպանելու և պաշտպանելու ծանր զոհողությունների գնով ձեռքբերված մեր արժեքները՝ պետականությունը, ազգային արժանապատվությունը և սեփական հայրենիքում ապրելու ու արարելու ազատությունը.
7.Մենք նախընտրում և պատրաստ ենք նաև տարածաշրջանի խաղաղ ու կայուն զարգացմանը՝ բոլոր ժողովուրդների ու պետությունների իրավունքների ու արժանապատվության հարգման և ուժի կիրառման բացառման սկզբունքների հիման վրա», - գրել է Բեգլարյանը: