16/09/2022 14:23
Ադրբեջանը թիրախավորել էր նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը. ԳՇ պետ
Ադրբեջանը թիրախավորել էր նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ:
Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով:
Հայկական կողմի զոհերի թիվը 135 է:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։