16/09/2022 10:00
«Հրապարակ». Հանդիպումներ եղել են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում տեղի չի ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օրերս հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, և «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»:
Տեղեկացրել էինք, որ նախօրեին նա հանդիպել է Վեհափառի հետ: Հանդիպման վերաբերյալ երեկ Մայր Աթոռից հայտնել են, որ Ամենայն հայոց հայրապետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Իշխան Սաղաթելյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ:
Փորձեցինք ճշտել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույնպե՞ս, Սաղաթելյանն ասաց. «Այս պահին՝ այսքանը։ Հանդիպումներ տեղի ունեցել են, աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են, արդյունքների մասին կտեղեկացնենք»։ Սակայն մենք պարզեցինք, որ հանդիպումներ եղել են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում տեղի չի ունեցել»։