16/09/2022 11:32
Հայաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստում որոշ երկրներից ավելի ակնկալիքներ ուներ, որը չարդարացավ. ՀՀ ԱԳ նախարար
ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի քննարկումների արդյունքում առայժմ փաստաթուղթ չի ընդունվել, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա, սակայն, ասաց, թե սա որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը։
«Այնուամենայնիվ, առանց փաստաթղթի՝ միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ։ Երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը, շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է Հայաստանի տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր։ Ավելին ասեմ՝ բազմաթիվ երկրներ խոսել են նաև ԼՂ հակամարտության, ԼՂ հիմնախնդրի մասին ու, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, թե այլևս ԼՂ հիմնախնդիր չկա, երեկ հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանն ասաց, թե որոշ երկրների դեպքում ունեին մի փոքր ավելի ակնկալիքներ, բայց այդ ակնկալիքները չարդարացան։