16/09/2022 11:45
Ադրբեջանի ագրեսիան հարձակում էր Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ ագրեսիա է նաև հայկական ժողովրդավարության դեմ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե, ի հեճուկս բոլոր հարձակումների, Հայաստանը շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացները, այդ թվում՝ տնտեսական։
«Մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք բանակի բարեփոխումներին», - ասաց վարչապետը։
Փաշինյանը հայտարարեց, թե ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարևորությունը, ընդհակառակը, ավելի է ընդգծում դա։
«Հայաստանի պետական շահը պետք է դառնա որոշումների կայացման հիմնական ուղենիշ ու մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Ադրբեջանի ագրեսիան հարձակում էր Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ։