17/09/2022 10:10
«Հրապարակ». ՀՀ սահմանի երկայնքով, նաև Նախիջևանի մասում, հակառակորդը զորք է կուտակում. Հրադադարը կարող է ամեն պահի խախտվել. Դա չի հերքում նաև Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մի քանի օր է՝ հումանիտար հրադադար է հաստատվել, սակայն չեն դադարում լուրերը, որ ՀՀ սահմանի երկայնքով, նաև Նախիջևանի մասում, հակառակորդը զորք է կուտակում, և հրադադարը կարող է ամեն պահի խախտվել։ Այդ լուրերը չի հերքում նաև Փաշինյանը, ով երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ և բոլորին ասել է․ «Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված»։
Իսկ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ասել է՝ եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել, և նշել է, որ հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում։ Մյուս կողմից՝ երեկ երեկոյան Ջերմուկից լուրեր էինք ստանում, որ թշնամին հեռացրել է սահմանին տեղակայած զինտեխնիկան, ինչը կարող է պայմանավորված լինել դեսպանների և ՀԱՊԿ-ի օպերատիվ խմբի այցով»։