17/09/2022 09:48
«Հրապարակ». ՀԱՊԿ օպերատիվ խումբը չէր գա, եթե Արևմուտքը հստակ դիրքորոշում չցուցաբերեր ու հայտարարություններ չաներ՝ ի պաշտպանություն Հայաստանի
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի՝ Հայաստան ժամանալուն պես, նախօրեի երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապ հավաք է նախաձեռնել ՔՊ-ական պատգամավորների հետ։ Նա այցելել է խորհրդարան և ՔՊ խմբակցության հետ քննարկել իրավիճակն ու իրենց անելիքները։ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ մոտավորապես ասվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ խումբն ընդամենը «գալոչկայի» համար է ժամանել Երևան, և չէին գա, եթե Արևմուտքը հստակ դիրքորոշում չցուցաբերեր ու հայտարարություններ չաներ՝ ի պաշտպանություն Հայաստանի։
Ուստի պետք է մոբիլիզացնել բոլոր լծակներն ու սեղմել օղակը ՌԴ-ի շուրջ, հակառուսական հայտարարություններ անել՝ եթե ոչ անձամբ իրենք, ապա տարբեր խմբերի ու անհատների գեներացնել, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ բան պարտադրել դաշնակցին ու դաշնակից կառույցներին։ Նշենք, որ օպերատիվ շտաբը գլխավորում է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, խումբը պետք է փաստահավաք աշխատանքներ իրականացնի և ՀԱՊԿ-ին հաշվետվություն ներկայացնի ստեղծված իրադրության վերաբերյալ, որից պարզ կդառնա, թե ով է նախահարձակ եղել»։