17/09/2022 10:04
«Հրապարակ». ՌԴ-ն չի կատարում ռազմավարական դաշնակցի՝ ՀՀ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունները. Ակցիա
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատահական չէ, որ երեկվանից ՌԴ-ի դեմ իշխանական և իշխանամերձ շրջանակներից հայտարարությունների տարափ էր, անգամ բողոքի ցույց՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի առջև։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարում էին, որ ՌԴ-ն չի կատարում ռազմավարական դաշնակցի՝ ՀՀ-ի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, և հավաքի նպատակն է՝ ՀՀ քաղաքացիների բողոքի արտահայտումն ընդդեմ ՌԴ անտարբերության ու չեզոքության։ Ռուսաստանի դեմ սկսեցին հանդես գալ սորոսականները՝ հայտարարելով, թե ՌԴ-ն է ուզում Սյունիքով միջանցք բացել։
Ռուսաստանի դեմ անուղղակի հայտարարությամբ հանդես եկավ անգամ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ կառավարության նիստի ժամանակ, խոսելով տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր երկրների արձագանքի մասին և ասելով․ «Առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում ոչ այնքան արդարացան: Ավելին թույլ տվեք չմանրամասնել»: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ երեկ չէր այցելել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ, մասնավորապես՝ Ջերմուկ։ Այցին մասնակցում էին 29 երկրի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները»։