17/09/2022 10:06
«Ժողովուրդ». Փաշինյանը խոսում է պետության բնականոն գործունեությունն ապահովելու մասին, բայց իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ իրավապահ համակարգը կանգնեցրել է քրեական վարույթներով սպասվող որոշակի գործողություններ:
Օրինակ, օրերս տեղի ունեցած աղմկահարույց քրեական վարույթներից մեկով նախաքննական մարմիններից մեկը պետք է գործողություն իրականացներ, սակայն, պատերազմով պայմամանավորված, գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ թե կոնկրետ ո՞ր աղմկահարույց գործով, նախաքննությանը չվնասելու համար այս պահին քրեական վարույթը չենք նշում: Այսինքն, ստացվում է՝ վերջին օրերին իրավապահ համակարգը չի զբաղվում ներկայումս առկա քրեական գործերով, և սա այն դեպքում, երբ հենց երեկ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պետության բնականոն գործունեության կարևորության մասին:
«Մենք որևէ պարագայում չպետք է մոռանանք պետության բնականոն գործունեության և գործառույթային դեր կատարելու անհրաժեշտությունը: Խոսքը վերաբերում է նաև տնտեսությանը, և սա չափազանց կարևոր է: Իհարկե, մենք պետք է ամեն ինչով աջակցենք Զինված ուժերին»,- նշել էր նա:
Ստացվում է՝ Փաշինյանը մի կողմից խոսում է պետության բնականոն գործունեությունն ապահովելու մասին, բայց մյուս կողմից իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել»։