19/09/2022 19:31
Հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել նրա անժամկետ առկայությունը Արցախում․ Արայիկ Հարությունյան
Ցավոք, այս խիստ փխրուն աշխարհակարգի ու տարածաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգային երակարաժամկետ երաշխիքներ, Արցախի անվտանգության, արտաքին քաղաքականության ու ներքին կյանքին առնչվող հիմնական հարցերի վերաբերյալ իր տեսաուղերձում նշեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արցախի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի զբաղվածությամբ և ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկել, որից օգտվում է Ադրբեջանը։
«Մյուս կողմից, արտաքին բոլոր թշնամական ուժերը հետևողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելու, արցախցիների մոտ ՌԴ հանդեպ անվստահություն ձևավորելու համար։ Վստահ եմ, որ արցախցին չի տրվում նման սադրանքների»,- նշեց Արայիկ Հարությունյանը՝ դրա վառ օրինակը համարելով Արցախի բնակիչների հատուկ վերաբերմունքը ռուս խաղաղապահների նկատմամբ։
Ախարհաքաղաքական վերադասավորումների և առկա մարտահրավերների ֆոնին Արցախի նախագահը կարևոր համարեց այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն, Արայիկ Հարությունյանի բնորոշմամբ, փխրուն ու հարաբերականորեն կայուն է։
«Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել նրա անժամկետ առկայությունը Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից»,- ասաց նա։
Ջանք ու եռանդ չենք խնայելու նաև պաշտպանության սեփական համակարգը արդիականացնելու և առկա մարտահրավերներին համապատասխանեցնելու ուղղությամբ, վստահեցրեց Արայիկ Հարությունյանը։
«Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական սպառնալիքները, իրավունք ունենք և կարող ենք մտածել նաև ինքնապաշտպանական կարողությունների ու հնարավորությունների մասին»,- նշեց նա։