19/09/2022 18:45
«Հայատյացությունը և էթնիկական զտումները Ադրբեջան արհեստածին պետության քաղաքականության անբաժան մասն են»․ Ստեփանակերտում քննարկում է կազմակերպվել
Սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2022 թվականներին» խորագրով մամուլի ասուլիս և քննարկում՝ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, «Կաճառ գիտական» կենտրոնի ղեկավար, պատմաբան Մհեր Հարությունյանի մասնակցությամբ, հայտնում է «Արցախպրես»-ը։
Կովկասագիտության կենտրոնի տնօրեն Հովիկ Ավանեսովի խոսքով՝ 1918 թվականին աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնված Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը ձևավավորվել է՝ բռնազավթելով տարածաշրջանի բնիկ ժողովրդների պատմական հայրենիքը:
«Հանդիսանալով պանթուրանական նախագիծ, Ադրբեջանը հիմնադրման պահից ի վեր որդեգրել է ինչպես ցեղասպանության, էթնիկ զտումների, քսենոֆոբիայի, ռազմական հանցագործությունների, այնպես էլ՝ տարածաշրջանի բնիկ ժողովուրդների հազարամյակներով ստեղծած մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականություն: Դրա անկյունաքարը հանդիսանում է հայատյացությունը»,-ասել է բանախոսը:
Նա ընդգծել է, որ 1918 թվականից սկսած՝ Ադրբեջանը հայերի նկատմամբ իրականացրել է բազմաթիվ ցեղասպանական գործողություններ և էթնիկ զտումներ՝ նպատակ հետապնդելով վերացնել հայկական պետականությունն ու քաղաքակրթությունը:
«Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը երբևէ իրավաքաղաքական գնահատական չի ստացել , ինչն էլ ստեղծել է անպատժելիության մթնոլորտ, որի հետևանքով հայկական երկու հանրապետություների դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմների ընթացքում իրականացրել է բազմաթիվ ռազմական հանցագործություներ: Դրանք կազմակերպվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, ինչը վկայում է այն մասին, որ հայատյացությունը և էթնիկական զտումները հանդիսանում են այդ արհեստածին պետության քաղաքականության անբաժան մաս»,-հավելել է նա:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը համոզմունք է հայտնել, որ ի դեմս Ադրբեջանի՝ հայկական կողմը գործ ունի, իրապես, ռազմական հանցագործների կողմից ղեկավարվող մի երկրի հետ:
«Այդ երկիրը պարբերաբար իրականացնում է հանցավոր գործողություններ՝ առաջին հերթին թիրախավորելով աշխարհի ամբողջ հայությանը, մասնավորապես, Հայաստանում և Արցախում ապրող հայերին: Վերջին ագրեսիային մենք ականատես եղանք օրերս, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա»,-նշել է Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը՝ հավելելով, որ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել, և այս իրավիճակը, միանշանակ, անպատժելիության հետևանք է:
«Կաճառ գիտական» կենտրոնի ղեկավար, պ. գ. թ., դոցենտ Մհեր Հարությունյանը շեշտել է՝ 1918 թվականին Թուրքիայի կողմից ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը կոչված է շարունակելու նրա ցեղասպան քաղաքականությունն Արևելյան Անդրկովկասում, ինչն առ այսօր հետևողականորեն իրականացվում է:
«Պետք է դաս քաղել պատմությունից և կարևոր հետևություն անել․ միայն մենք կարող ենք կասեցնել թշնամու ցեղասպան քաղաքականության իրականացումը՝ համարժեք պատասխան տալով թշնամու ոտնձգություններին: Պետք է ուժեղանանք՝ ինչքան հնարավոր է, պետք է ժողովրդագրական խնդիրը լուծենք: Մեր ամեն մի կորստից հետո պիտի հինգ ծնունդ ունենանք»,-ասել է Մհեր Հարությունյանը: