21/09/2022 13:12
Լաչինի միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո. Անդրեյ Վոլկով
Սեպտեմբերի 21-ին Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։
Կարևորելով Արցախում ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունություն ապահովելու գործում՝ քննարկել են ընդհանուր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում առկա և հետագա հնարավոր զարգացումները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին։ Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց կվերանան առկա խնդիրները։
Հանդիպմանն ընդգծվել է տարբեր ձևաչափով հաճախակի շփումների անհրաժեշտությունը, որի արդյունքում լուծումներ կտրվեն հասարակությանը հուզող մտահոգություններին։