22/09/2022 09:29
«Հրապարակ». Արցախցիներին մտահոգում է, որ նոր ճանապարհին հայտնվում են ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները երեկ հանդիպել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, որի ժամանակ «անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված՝ հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին», և «հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և ընթացիկ շինաշխատանքների ավարտին զուգընթաց, կվերանան առկա խնդիրները»։
Խոսքն ի՞նչ խնդիրների մասին է: Պարզվում է՝ արցախցիներին մտահոգել է այն, որ նոր ճանապարհին պարբերաբար հայտնվում են ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներ: Հրամանատարը տեղեկացրել է, որ իրենց խնդրանքով են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող անցակետերից բեռներ տեղափոխում, ու շուտով խնդիրը կվերանա։ Պատգամավորները հետաքրքրվել են նաև ՀԱՊԿ օպերատիվ խմբի աշխատանքներով, որոնք սեպտեմբերի 13-ից հետո գործուղվել էին Հայաստան` մոնիտորինգ անելու, թե ով է նախահարձակ եղել։
Վոլկովն ասել է՝ տեղյակ չէ խմբի աշխատանքներից։ ՀԱՊԿ օպերատիվ խումբը, հիշեցնենք, հաղորդել է․ «Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ում կայացել է ՀԱՊԿ առաքելության առաջնային խմբի աշխատանքների արդյունքներով հանդիպում։ Խմբի ղեկավար Ա․ Սիդորովը տեղեկացրել է Սուրեն Պապիկյանին սահմանի իրավիճակի վերլուծության արդյունքների, եզրակացությունների ու առաջարկների վերաբերյալ։ Կայացել է մտքերի անկեղծ և կառուցողական փոխանակում։ Հետո խումբը մեկնել է Մոսկվա»»։