22/09/2022 14:48
Չափազանց մտահոգված ենք. Ադրբեջանը կրկին ագրեսիվ գործողություններ է իրականացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Մարկ Դեմեսմեկեր
Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստերին:
«Մենք փորձում ենք քրեականացնել կամ հանցանքի վերածել ցեղասպանության մերժումը»,- հայտարարել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերը։
«Պետք է նշեմ, որ Բելգիան առաջին երկրներից է, որն ամբողջությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և մեր ուժերի ներածին չափով փորձում ենք բոլոր հնարավոր հարթակներում պաշտպանել այն ևս: Նշեմ նաև, որ չափազանց մտահոգված ենք ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադրությամբ, որովհետև, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը կրկին ագրեսիվ գործողություններ է իրականացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ», - նշել է նա։