22/09/2022 10:08
«Հրապարակ». Հանդիպելու են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մասնակցելու է նաև Ամենայն հայոց կաթողիկոսը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ օրերս, գուցե հենց այսօր, կայանալու է ՀՀ երեք նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հանդիպումը, որին մասնակցելու է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Թեման հայտնի է` Հայաստանի ծանր իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու ելքերի փնտրտուքը: Սակայն մինչ հայ հանրությունը մեծ հույսեր է կապում, որ այս պատկառելի խումբն իշխանափոխություն է իրականացնելու և ստանձնի երկրի կառավարումը, մեզ հայտնի դարձավ, որ տրամադրվածությունը բոլորովին այլ է:
Այս նախաձեռնության մեջ ակտիվ դերակատարում ունի Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իր առաջ խնդիր է դրել՝ բացատրել մյուսներին, թե ինչ վտանգներ են ծառացած մեր երկրի գլխին, եթե մենք գնանք առճակատման և չզիջենք Ադրբեջանին, ուստի փորձելու է համոզել, որ եկեք միասին սատար կանգնենք գործող իշխանություններին: Այնպես, ինչպես արեց ինքը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին` կոչ անելով համախմբվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության շուրջ»։