22/09/2022 18:44
Մեր հարցերը գլոբալ քաղաքական օրակարգում ոչ մեկի համար հիմնական առաջնահերթություն չեն․ Մեր հույսը բացառապես մենք ենք՝ հայերս․ Արմեն Աշոտյան
«Բարձր գնահատելով հայ ժողովրդի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական սպառնալիքների չեզոքացման կամ զսպման հարցում միջազգային դերակատարների ջանքերը, այնուամենայնիվ, կխնդրեմ տարաբնույթ ցիտումներից կամ մեջբերումներից չկորցնել գլուխը եւ չընկնել քաղաքական ինֆանտիլիզմի մեջ»,- սոցցանցի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով ակնհայտ օրինակ․
«Բացատրեմ հետեւյալ օրինակով:
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին արդեն հանդես են եկել ելույթներով մեզ այս ընթացքում տարբեր մակարդակներում եւ զանազան շուրթերով սատարում հայտնած եւ ֆեյսբուքահայության էքստազին արժանացած երեք պետությունների՝ Ֆրանսիա, ԱՄՆ եւ Իրան, ղեկավարները։
Նրանցից ոչ մեկը՝ ոչ Մակրոնը, ոչ Բայդենը, ոչ էլ Ռայիսին, սակայն, Նյու-Յորքում իրենց կեսժամանոց ելույթներում չեն արծարծել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ մեր շուրջ ստեղծված իրավիճակը։
Սա շեշտում եմ հասկանալու համար, որ.
1. Մեր հարցերը գլոբալ քաղաքական օրակարգում ոչ մեկի համար հիմնական առաջնահերթություն չեն։
2. Մեր հույսը բացառապես մենք ենք՝ հայերս։
3. Քանի Նիկոլը վարչապետ է, ոչ մի շանս էլ չենք ունենալու»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը։