22/09/2022 09:50
«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո, կրկին հրավիրել են հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո, նրան կրկին հրավիրել է Հատուկ կարևորագույն գործերով վարչություն՝ հարցաքննության: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանից, սակայն նա նշեց, որ որևէ բան ասել չի կարող:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ Ջալալ Հարությունյանի գործով ՊԲ ողջ անձնակազմը հարցաքննվել է: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։ 44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագով՝ հենց նրա գործողությունների հետևանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ»։