23/09/2022 19:28
Ինչպե՞ս արագ բուժել մրսածությունն ու հարբուխը և վերադառնալ կյանքի նորմալ ռիթմին
Աշնանը շնչառական հիվանդություններն ու վիրուսներն ակտիվանում են․ արագ փոփոխվող եղանակի, աշնանային արևից «խաբված»՝ թեթև հագնվելու, մրսելու պատճառով մարդիկ սովորականից ավելի հաճախ են հիվանդանում հարբուխով, իսկ վերականգնումը երբեմն երկար է տևում։
Ի՞նչ անել՝ արագ ոտքի կանգնելու և կյանքի սովորական ռիթմին վերադառնալու համար։
Բժիշկները խորհուրդ են տալիս շատ ցինկ օգտագործել։ Բազմաթիվ վիտամիններ ու հանքանյութեր կան, որոնք նպաստում են իմունային համակարգի կենսագործունեությանը։ Այդ հանքանյութերից մեկն էլ ցինկն է, այն պարունակվում է հավի մսի, սիսեռի, հնդկական ընկույզի մեջ։ Ցինկը կարելի է ընդունել նաև հավելումների տեսքով։
Գաղտնիք չէ, որ վիտամին С-ն շատ կարևոր է իմունային համակարգի համար․ այն չեզոքացնում է հիվանդության հարուցիչները, նպաստում է իմունային բջիջների ճիշտ աշխատանքին։ С վիտամինով հարուստ են ցիտրուսները, ինչպես նաև խաչածաղկավորների ընտանիքի որոշ բանջարեղեններ։ Վիտամին С-ն ևս կարելի է ընդունել հավելումների տեսքով։
Հանգիստը՝ մարդու ֆիզիկական ու հոգեկան հանգստությունը, շատ կարևոր է օրգանիզմը վերականգնելու համար։ Լիարժեք հանգստանալու դեպքում հնարավոր է նաև շատ շուտ առողջանալ։ Օրգանիզմը ռինովիրուսի բացասական ազդեցությունից «մաքրելու», ձերբազատելու համար հարկավոր է շատ քնել․ դա օգնում է նաև իմունային համակարգի ամրապնդմանը։
Վերջերս արված հետազոտության համաձայն՝ թանթրվենին նվազեցնում է պաթոգեն բակտերիաների, գրիպի և մրսածության ակտիվությունը։ Թանթրվենին նաև հակաօքսիդանտների առատ աղբյուր է, իսկ դրանք շատ կարևոր են՝ վիրուսներից պաշտպանվելու համար։ Թանթրվենին շատ են օգտագործում օշարակների, մարմելադի մեջ, իսկ եթե նախընտրում եք ուտել հատապտուղները, ապա պետք է ուշադիր լինել և խուսափել խակ հատիկներից։
Սննդարար նյութերով հարուստ մթերքը ևս լավ զենք է՝ մրսածության, հարբուխի դեմ պայքարում։ Սպանախը, կարմիր պղպեղը, սունկը, մրգերից՝ կիվին ու ձմերուկը, համեմունքներից՝ կոճապղպեղն ու քրքումը սննդակարգում պետք է իրենց տեղն ունենան։
Օրգանիզմն ամրապնդելու, վիրուսից արագ ձերբազատվելու համար խորհուրդ է տրվում նաև շատ հեղուկ օգտագործել։ Ամենաարդյունավետ տարբերակներից մեկը մեղրաջուրն է։ Մեղրը հատկապես լավ է հազի դեպքում, նաև հակաբորբոքային հատկություններ ունի, նպաստում է իմունիտետի ամրապնդմանը, կրճատում հիվանդության փուլը։
Նաև պետք է հիշել՝ բարձր իմունիտետը մրսածության, հարբուխի առաջացումը, օրգանիզմ այլ վիրուսների ներթափանցումը կանխելու ամենամեծ երաշխիքն է, ուստի իմունային համակարգի առողջության նկատմամբ պետք է ուշադիր լինել ոչ միայն գրիպի և շնչառական հիվանդությունների ակտիվացման սեզոնին, այլ կլոր տարին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։