23/09/2022 17:19
Ավելի ներգործուն կլիներ, եթե Հայաստանը Պատանդառության կոնվենցիայով դիմեր ՄԱԿ-ի Արդարադատության դատարան. Սիրանուշ Սահակյան
2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի ագրեսիայի հետեւանքով գերեվարված հայ ռազմագերիների թիվը մոտ 20-ն է, փաստահավաքությունը, սակայն, դեռ ավարտված չէ, ինչպես նաեւ հաստատումներն են ընթացքի մեջ, News.am-ի հետ զրույցում ասել է Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Նա նշել է, որ արդեն իսկ կան հաստատված գերեվարման դեպքեր, սակայն հստակ թվի մասին կարող են խոսել ավելի ուշ։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ սեպտեմբերի 22-ին Ադրբեջանը հայ ռազմագերիների հարցով պետք է պատասխան տար Եվրոպական դատարանին, սակայն այդ առնչությամբ տեղեկատվություն չկա, Սիրանուշ Սահակյանն ասել է, որ այդ արձագանքը պետք է ուղղված լիներ ՀՀ կառավարությանը՝ միջպետական գանգատի շրջանակներում. «Անհատական գործերի մասով կարող եմ ասել, որ մենք դատարանից ստացել ենք նամակագրություն, Ադրբեջանի դիրքորոշումները դեռ մեզ ուղարկված չեն, բայց առաջիկա օրերին սպասում ենք տեղեկատվության։ Պատասխան կա դատարանից, որ այդ հարցումներն ուղղված են Ադրբեջանի կառավարությանը, եւ տրված է վերջնաժամկետ՝ տեղեկատվություն տրամադրելու համար։ Այս հարցումների ֆոնին Ադրբեջանն արդեն իսկ Կարմիր խաչի միջոցով հաստատել է մի շարք անձանց գերեվարման հանգամանքը»։
Սահակյանի խոսքով՝ Բաքվի իշխանությունների գործելակերպի պարագայում հայկական կողմն ունեցել է բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ տեսանյութով գերեվարումը չի հաստատվել, ընդհուպ մինչեւ խմբային գործերով. «Եթե ապացույցները շատ են, ապա այդ ապացույցների ճնշման ներքո ավելի հավանական է հասնել դեպքի հաստատման՝ նաեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից»։
Անդրադառնալով գերության մեջ հայ զինծառայող Դավիթ Գիշյանի սպանության փաստին՝ Սիրանուշ Սահակյանն ընդգծել է, որ այդպիսի դեպքերում հայկական կողմն անհապաղ տեղյակ է պահում դատարաններին, նաեւ հիմնավորում, թե որքան կարեւոր է միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությունը՝ օր առաջ գերիների հայրենադարձումը կազմակերպելու համար.
«Պետք է դրվի կյանքի իրավունքի խախտման հարցը։ Գերուն սպանելը պատերազմական հանցագործություն է, եւ պետք է լինի ավելի հեռավար նպատակ, այսինքն՝ հասնել տվյալ միջադեպի համար պատասխանատու Ադրբեջանի զինծառայողների եւ հրամանատարների քրեական պատասխանատվության։ Եթե Ադրբեջանը շահագրգռված չէ իր մարդասպաններին պատժելու հարցում, ապա միջազգային կառույցները պետք է մտածեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին»։
Հարցին՝ գերիների վերադարձի հարցում արդյունավետ ինչպիսի՞ տարբերակներ կան, Սիրանուշ Սահակյանը պատասխանել է, որ ավելի արդյունավետ կարող էր լինել երկրների ղեկավարների բանակցությունները. «Բանակցող հարթակը պետք է զորու լիներ անմիջապես լուծելու գերիների վերադարձի հարցը։ Եթե հիմնական խնդրի շուրջ կողմերը կարողանում են համաձայնություն կնքել, որպես կանոն, գերիների վերադարձը որեւէ դժվարություն չպետք է ներկայացնի։ Այս պարագայում բանակցային գործընթացը ձախողված է։ Հայկական կողմն անհամաչափ քաղաքական պահանջներ է բավարարում՝ հօգուտ Ադրբեջանի, որոնք սպառնում են անգամ Հայաստանի պետականությանը։ Բանակցող կողմը քաղաքականացրել է նաեւ ռազմագերիների հարցը։ Այս հարցը ոչ թե ինքնուրույնաբար է քննարկվում, այլ կապվել է քաղաքական օրակարգի հետ, եւ հայկական կողմի իմացությամբ Ադրբեջանը պահում է պատանդներ։ Հայկական կողմը պետք է ունակ լիներ վերադիրքավորվել բանակցային գործընթացում, որի հավանականությունը փոքր է եւ երկրորդը՝ գնալ դատական պաշտպանության ճանապարհով, որը ժամանակատար է»։
Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ դիմելու հարցում Հայաստանը հնարավորություն ունի Պատանդառության կոնվենցիայով դիմել. «Դա ավելի արագ արձագանք կապահովի մեր գերիների խնդրով։ Հայաստանն այս պահին այդ խնդրով չի դիմել, եւ գերիների հարցը ներառել է Խտրականության կոնվենցիայի հարցերի ներքո։ Կարծում եմ՝ ավելի ներգործուն կլիներ, որ Հայաստանն այս խնդիրն առանձնացներ եւ առանձին՝ Պատանդառության հիմքով նաեւ միջպետական հայց ունենար ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում