23/09/2022 09:32
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը ոստիկանության հետ «գործարքի» է գնացել. «ես ձեզ կտամ փող, դուք կպահեք իմ իշխանությունը»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանի զարգացումները 2020 թվականից հետո ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանները միայն: Դա, կարծեք թե, փոխադարձ վերաբերմունք է, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր իշխանության հատկապես վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում ոստիկանության աշխատողներին, և ոստիկանությանը տալիս է ահռելի մեծ թվերով պարգևավճարներ՝ մյուս բոլոր պետական գերատեսչությունների համեմատ:
Պետական պարգևատրումների ցանկի առաջին տեղում է ՀՀ ոստիկանությունը, որը պահպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և որին հատկացված պարգևատրումները, ներառյալ՝ դրամական խրախուսումները և հատուկ վճարները, կազմում են 9 մլրդ 163 մլն 873 հազար դրամ: Հատկանշական է, որ մենք ոստիկանությունից բացի ունենք պետական համակարգի շատ ավելի կարևոր գործառույթ իրականացնող աշխատակիցներ, ինչպիսիք են պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը և այլ կառույցներ: Իհարկե, պաշտպանության նախարարությանը հատկացվող պարգևատրումների ֆոնդը գաղտնի է պահվում, բայց, վստահաբար, ոստիկանությունից շատ չէ, ու ոստիկանությունը գերիշխում է շատ պարգևավճար ստացող գերատեսչությունների ցանկը:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության հետ «գործարքի» է գնացել. «ես ձեզ կտամ փող, դուք կպահեք իմ իշխանությունը», ու, այսպես էլ, 2020 թվականից մինչև հիմա, այս համերաշխության մեջ ապրում է: Տպավորություն է, որ մի ողջ ոստիկանական համակարգ Նիկոլ Փաշինյանի համար թիկնապահ է աշխատում և նրա անվտանգությունն է ապահովում, որի վառ և ամենատպավորիչ դրսևորումն եղավ Եռաբլուրում, երբ ոստիկանները ուժով ծնողներին իրենց որդիների գերեզմանից հրեցին ու հեռացրեցին, որպեսզի Փաշինյանը գա ու ծաղիկ դնի իրենց որդիների գերեզմաններին»։