23/09/2022 12:38
Եթե խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի. Կամո Աթայան
Շուրջ երկու տարի է, ինչ 44-օրյա պատերազմում պարտված, կրկին քաղաքական աճպարարությամբ իշխանական լծակներին տիրացած քաջ նազարները խաղաղություն են մուրում, խաղաղության դարաշրջան են բացում թուրքադրբեջանական արյունարբու դուետի հետ, և մի քանի օր առաջ, արդեն որերորդ անգամ կոնկրետ ագրեսիայով ստացան թշնամու պատասխանը:
Խաղաղության և պատերազմի թեման ինչքան էլ չարչրկված լինի, այնուհանդերձ, ճշմարտությունն այն է, որ խաղաղություն կոչվածը երկու պատերազմների միջև ընկած ժամանակային ինտերվալն է, որի ընթացքում նախապատրաստվում են հաջորդ պատերազմին։
Ով, ով` ոխերիմ թշնամիներով շրջապատված Հայաստանն այս ճշմարտության իմաստը ոչ միայն պետք է ընկալեր, այլև պետության անվտանգության խնդիրն ամենաառաջնայինը պետք է համարեր։
Բայց ոչ, պարզվում է՝ թշնամին ավելի լավ է յուրացրել այդ ամենը, ծիծաղելով մեր անխելք ու վախկոտ ղեկավարների ու նրանց հռչակած խաղաղության դարաշրջանի վրա և օգտվելով աշխարհում ստեղծված խառնաշփոթից, իր խնդիրները, մասնավորապես Սյունիքով միջանցքի բացման, Արցախի թեման վերջնականապես փակելու, հնարավորության դեպքում Սյունիքը լրիվությամբ օկուպացնելու և ընդհուպ մինև ՀՀ անկախությունը վերացնելը, պլանավորած իրականացնում են։
Իսկ ՀՀ հողատու ղեկավարները վերջին 4 տարում պլանավորած կազմաքանդում էին և են երբեմնի հաղթանակած հայոց բանակը, վարկաբեկում են անխտիր բոլոր՝ շատ թե քիչ աչքի ընկած բանակայիններին՝ շարքայինից մինչև գեներալ, մեթոդիկ կերպով կոտրում են հայ ժողովրդի պաքարի ոգին, բանակը չեն զինում նոր զինատեսակներով ու, մասնավորապես, ԱԹՍ-ներով, որոնց օգնությամբ հաղթելու, պայքարելու տարրերին երբևէ չտիրապետած ադրբեջանաթուրքը սկսած երկրորդ արցախյանից մեզ հաղթում է ու նաև հոգեբանորեն։
Ինչքան կարելի է հանդուրժել այս վիճակը և պարտության խորհրդանիշ իշխանություններին: Մի՞թե բոլորս միայն խոսողներ ու ֆեյսբուքներում վիրտուալ պայքարողներ ենք ու վաղուց համակերպվել ենք պարտության ու պետականության կորստի հետ:
Հ.Գ.1. Ռազմական, դիվանագիտական, էքստրեմալ պայմաններում ղեկավարման մեր ողջ ներուժը՝ սկսած նախկին նախագահներից, նախարարներից, փորձառու անհատներից, ռազմարվեստին տիրապետողներից, գիտության ու մշակույթի գործիչներից, մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները՝ ժամանակի հրամայականով պետք է ձևավորեն Հայաստանի Պաշտպանության հարթակը, որտեղ կմշակվեն և կմատուցվեն իրավիճակին հարիր գործողությունների պլաններ: Միայն նման դեպքում ժողովուրդը միասնական մի բռունցքի կվերածվի ու կունենանք միացյալ ազգ-բանակ, որը ի վիճակի կլինի ստեղծված պայմաններում պահպանելու երկրի սահմանները:
Հ.Գ.2. Ամիսներ առաջ Aysor.am կայքում նկատառում էի հրապարակել, որ մի օր էլ մեր անփառունակները կհայտարարեն, որ ՀՀ-ի փրկության համար ստիպված են Արցախը զիջել։
Այսօր ոչ միայն Արցախի ապագան է վտանգված, այլև կանգնած ենք մեր պետականության կործանման եզրին։
Այս ագրեսիան ո՛չ պատահական է, ո՛չ էլ ժամանակավոր: Այն կշարունակվի այնքան, մինչև Հայոց եռամիասնությամբ իրողություն դարձնենք մեր բանակի առաջին լուրջ հաղթանակը։