24/09/2022 18:40
Աշնանային գույնզգույն մենյու․ ինչու՞ է կարևոր սննդակարգում ներառել բոլոր գույների մթերքները
Աշունը գույներով ամենահարուստ տարվա եղանակն է, ուստի պետք է «գունավորել» նաև սննդակարգը, դրանում ներառել բոլոր գույների մթերքները, քանի որ դրանցից ամեն մեկը ի՛ր օգտակար հատկություններն ունի։ Բացի այդ, այդպիսով մենք «հավասարակշռում» ենք ինչպես ընդունած սնունդը, այնպես էլ դրանից ստացվող վիտամինները, միկրոտարրերը, ֆիտոնուտրիենտները։
Կարմիր գույնի մթերք
Վառ կարմիր գույնի բանջարեղենը, միրգը, հատապտուղները, որպես կանոն, հարուստ են վիտամին С-ով, իսկ այն իր հերթին մի շարք օգտակար տարրեր է պարունակում՝ կարոտինոիդներ ու լիկոպին, որոնք օրգանիզմը պաշտպանում են վնասակար ազդեցություններից։
Աշնանը խորհուրդ է տրվում ռացիոնում անպայման ներառել լոլիկ, ելակ, ազնվամորի, ձմերուկ, բալ։
Կանաչ գույնի մթերք
Կանաչ մթերքը հարուստ է բուսական ծագման հակաօքսիդանտներով, որոնցից ամենակարևորը քլորոֆիլն է։ Դրանով հարուստ մթերքը մաքրում է արյունը, լավացնում արյան շրջանառությունը։
Աշնանը խորհուրդ է տրվում ռացիոնում անպայման ներառել ծնեբեկ, սպանախ, բրոկոլի, կաղամբ, կանաչեղեն, ավոկադո, ցուկինի։
Նարնջագույն մթերք
Նարնջագույն մթերքը կարոտինոիդներով է հարուստ, օրինակ՝ բետա-կարոտինով, այն պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալներից։
Աշնանը խորհուրդ է տրվում ռացիոնում անպայման ներառել դդում, մանդարին, կարտոֆիլ, նեկտարին, դեղձ, սեխ։
Դեղին գույնի մթերք
Դեղին գույնի մթերքի մեջ պարունակվող լյուտեինը բջիջները պաշտպանում է սթրեսի ու լարվածության վնասակար ազդեցությունից։ Բացի այդ, կիտրոնում ու թուրինջում առկա ցիտրուսային բիոֆլավոնոիդները նվազեցնում են բորբոքային պրոցեսները, նաև լավացնում արյան շրջանառությունը։
Աշնանը խորհուրդ է տրվում ռացիոնում անպայման ներառել կիտրոն, շաղգամ, դեղին սալոր։
Այս ամենից բացի, սննդաբանները խորհուրդ են տալիս չանտեսել նաև համեմունքները․ դրանք կերակուրին հավելյալ համ ու հոտ հաղորդելուց բացի, նաև օգտակար հատկություններ ունեն․ դառը համեմունքները մաքրում են լյարդը, սուր համեմունքները նպաստում են մարսողության լավացմանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։