24/09/2022 10:38
«Հրապարակ». Որոշվել է երկքաղաքացիությունն ամրագրել մայր օրենքում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի սահմանադրության նոր նախագծով առաջարկվում է երկքաղաքացիություն ունենալու իրավունքն ամրագրել նաև Սահմանադրությամբ, թեև Արցախում երկքաղաքացիության հարցը կարգավորված է օրենքով` դեռևս 1992 թվականի հունվարի 6-ի «ԼՂՀ անկախության մասին» հռչակագրով սահմանվել է, որ թույլատրվում է «երկակի քաղաքացիություն»: Այս անգամ որոշվել է երկքաղաքացիությունն ամրագրել մայր օրենքում:
Նպատակն այն է, որ Արցախի այն բնակիչները, ովքեր ցանկանում են ստանալ ՌԴ անձնագիր, օգտվեն Սահմանադրությամբ երաշխավորված այս հնարավորությունից, համաձայն որի՝ «Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Արցախի Հանրապետության օրենքներին և/կամ միջազգային պայմանագրերին համապատասխան, կարող է ունենալ այլ պետության քաղաքացիություն»: Ելնելով Արցախի Հանրապետության անվտանգության նկատառումներից՝ առաջարկվում է նաև վերանայել սեփականության իրավունքի նորմերը, մասնավորապես, ամրագրելով հետևյալ կարգավորումը. «Անշարժ գույքի նկատմամբ, այդ թվում՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»»։