26/09/2022 19:30
Պատճառի փորձաքննություն. Ովքե՞ր և ինչպե՞ս են որոշում ավտոպատահարի մեղավոր ու անմեղ կողմերին
«Ապահովագրական ընկերությունները հաճախ անհիմն թիրախավորվում են հատկապես այն հաճախորդների կողմից, որ մեղավոր են ճանաչվում պատճառի փորձաքննության արդյունքում», Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Նաիրի ինշուրանս» ընկերության պատահարների գրանցման և փորձաքննությունների վարչության պետ Հայկ Ծատուրյանը։
Պատճառի փորձաքննության արդյունքում մեղավոր ճանաչվելու դեպքում ապահովադիրները հաճախ դժգոհությունն ուղղում են ապահովագրական ընկերությանը, մինչդեռ պատճառի փորձաքննությունն իրականացնում են անկախ փորձագետները, այսինքն՝ ապահովագրական ընկերությունը որևէ լծակ չունի պատահարի մեղավոր կամ անմեղ կողմի որոշման հարցում։
Պատահարների փորձագիտական կենտրոնները որակավորվում են ապահովագրողների բյուրոյի կողմից, նոր միայն իրավունք ստանում փորձաքննություն իրականացնելու։ Ապահովագրողների բյուրոն կարգավորում է նաև փորձաքննություն պատվիրելու սկզբունքները, հնարավոր չէ, որ ապահովագրական ընկերությունն անընդհատ նույն փորձագիտական կենտրոնին պատվեր տա,-ասում է Հայկ Ծատուրյանը։
Փորձաքննության իրականացման գործընթացում արդյունքի բողոքարկման հնարավորություն ունեն ինչպես ապահովադիրը՝ հաճախորդը, այնպես էլ ապահովագրական ընկերությունը։
Այսպիսով՝ լրացուցիչ փորձաքննությունը հնարավորություն է տալիս բողոքարկելու առաջնային փորձաքննության արդյունքները. լրացուցիչ փորձաքննության պատվերի համար վճարում է ապահովագրական ընկերությունը։ Չընդունելով նաև լրացուցիչ փորձաքննության արդյունքները՝ ապահովադիրը կարող է պատվիրել կրկնակի փորձաքննություն, որի համար պարտավորվում է վճարել սեփական միջոցներով։ Հայկ Ծատուրյանը պարզաբանում է՝ եթե հաճախորդը պահանջում է նաև հետքաբանական քննություն, վճարն ավելանում է։
Կարևոր է հիշել՝ կրկնակի փորձաքննությունից հետո ԱՊՊԱ ոլորտում սպառվում են պատճառի փորձաքննության բողոքարկման հնարավորությունները, հաջորդ քայլը դատարան դիմելն է։ Հնարավորություն կա առաջնային փորձաքննությունից հետո հաշտարարի գրասենյակ դիմելու՝ փորձաքննությունների հետագա գործընթացի կազմակերպումը վստահելով հաշտարարին. ծառայությունն անվճար է։
Ապահովադիրին հատուցում տրամադրելու կամ մերժելու որոշումն ապահովագրական ընկերությունը կայացնում է՝ հիմք ընդունելով փորձագետի որոշումը։ Հայկ Ծատուրյանն ասում է՝ այս հարցում որևէ տրամաբանություն չկա, երբ հաճախորդները դժգոհում են ապահովագրական ընկերությունից. վերջինը չի կարող շահագրգիռ լինել սեփական հաճախորդին հատուցում չտալու հարցում, ավելի պարզ ձևակերպումով՝ ապահովագրական ընկերության համար ցանկալի կլինի, որ իր ապահովադիրը պատահարում անմեղ կողմ ճանաչվի, որ հատուցումը սեփական հաճախորդին տրամադրվի։
Եթե պատահարից հետո կողմերն ինքնակամ որոշում են մեղավորին, լրացնում են համաձայնեցված հայտարարագիր, այս դեպքում մեղավորության փոփոխություն չի կարող լինել. կատարվում է միայն վնասի գնահատում։
Այն վթարների դեպքում, որի վնասն ակնհայտորեն գերազանցում է 200000 ՀՀ դրամը (մարզերում՝ 100000-ը), պարտադիր կարգով կատարվում է պատճառի փորձաքննություն։
Հայկ Ծատուրյանը պարզաբանում է՝ նույնիսկ եթե վարորդներից մեկն ընդունել է մեղավորությունը, ապահովագրական ընկերությունը կարող է չհամաձայնել, նշանակել փորձաքննություն։ Հաճախ հենց սա է, որ դժգոհությունների պատճառ է դառնում. թվացյալ անմեղ համարվող կողմը մեղադրում է ապահովագարական ընկերությանը, թե «ձեր պատճառով վերանայվեց որոշումը, դարձա մեղավոր», այնինչ ապահովագրական ընկերության առաքելությունն է նպաստել օբյեկտիվ փորձաքննությանը։
Անփոփոխ և հստակ է, որ ԱՊՊԱ ոլորտում պատահարի մեղավորությունը որոշում է Ապահովագրողների բյուրոյի կողմից որակավորված պատճառի փորձագետը։
Հայկ Ծատուրյանն ասում է՝ հաճախ նաև հաճախորդները թյուր կարծիք են ունենում, թե գնահատման չափի բողոքարկումից հետո փոխվեց մեղավորը. պատճառի փորձաքննությունը և վնասի գնահատումը զուգահեռ գործընթացներ են, հնարավոր չէ, որ գնահատումը վիճարկելիս փոխվի մեղավոր կողմը։
Ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մասնագետը գնահատման գործընթացի բողոքարկման հարցում որոշակի փոփոխություն նկատում է. «ժամանակին մարդիկ ավելի շատ էին հակված բողոքարկելու գնահատման չափը՝ համարելով այն հնարավորություն գումարի չափը մեծացնելու։ Այնինչ, քիչ չեն դեպքերը, երբ կրկնակի բողոքարկման արդյունքում գումարի չափը օբյեկտիվ պատճառներով նվազում է։ Ճիշտ չէ գնահատման որոշումը բողոքարկել՝ «ինչ եղավ-եղավ» սկզբունքով»։
«Նաիրի ինշուրանս» ընկերության պատահարների գրանցման և փորձաքննությունների վարչության պետ Հայկ Ծատուրյանը վստահեցնում է՝ ապահովագրական ընկերությունն ամեն ինչ անում է գնահատման գործընացում թերացումները, սխալվելու հավանականությունը զգալի նվազեցնելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։