26/09/2022 18:00
Արգանդի պարանոցի քաղցկեղ. առաջացման պատճառները, ախտանշանները, կանխարգելումը. Ներկայացնում է գինեկոլոգը
Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, առողջության պահպանման համար բժշկությունը որդեգրել է կանխարգելման եղանակը։ Արգանդի պարանոցի քաղցկեղն այն հիվանդություններից է, որ հնարավոր է լիովին կանխարգելել, եթե ժամանակին և գրագետ կատարվեն բոլոր սկրինիգ հետազոտությունները, Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Նորմեդ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Լիլիթ Գրիգորյանը։
Արգանդի պարանոցի հետազոտման «ոսկե» ստանդարտ են համարվում՝
• Օնկոցիտոլոգիական քսուկը (պապ թեստ,հեղուկային ցիտոլոգիա)
• ՊՇՌ եղանակով ՄՊՎ (մարդու պապիլոմավիրուսի) հետազոտությունը
• Կոլպոսկոպիան
Բժշկուհու հավաստմամբ արգանդի պարանոցի ֆոնային հիվանդություններից, նախաքաղցկեղային հիվանդություններից մինչև քաղցկեղ երկար ճանապարհ է. բժշկի ցուցումներին պարտաճանաչ հետևելը կօգնի խուսափել հիվանդությունից:
Նախաքաղցկեղային հիվանդությունները ներառում են՝ դիսպլազիա, հասարակ լեյկոպլակիա, լեյկոպլակիա բջջային ատիպիայով, էրիթրոպլակիա։ Դիսպլազիան արգանդի վզիկի մորֆոլոգիական նախաքաղցկեղային հիվանդությունների ամենատարածված ձևն է: Դիսպլազիայի անցման հաճախականությունը նախաինվազիվ կարցինոմայի կազմում է 40-60%:
Արգանդի վզիկի դիսպլազիայի հնարավոր պատճառներն են՝
• սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, հատկապես ՄՊՎն( մարդու պապիլոմա վիրուսը)
• հաճախակի սեռական կյանք տարբեր զուգընկերների հետ
• վաղ սեռական կյանք
• աբորտներ, բազմակի ծնունդներ
• ուռուցքային հիվանդություններով ծանրաբեռնված գենետիկա
• նիկոտինի և ալկոհոլի չարաշահում և այլն
Գանգատները կարող են լինել տարբեր
Հատկապես ուշագրավ է սեռական հարբերությունից հետո արյան առկայությունը՝ անկախ քանակից: Եթե առկա է HPV վարակ, ապա կարող են հայտնաբերվել վուլվայի, հեշտոցի կամ անուսի շրջանում սեռական օրգանների գորտնուկներ (սրածայր կոնդիլոմաներ):
Հնարավոր գանգատներից են նաև քոր,այրոցի զգացում, ոչ նորմալ, տհաճ հոտով արտադրություն, ինչպես նաև՝ ցավեր, ծանրության զգացում որովայնի ստորին հատվածում, աճուկների շրջանում։
Հիվանդությունը երկար ժամանակ կարող կլինիկորեն չդրսևորվել։
Ըստ գինեկոլոգ Լիլիթ Գրիգորյանի՝ հիվանդության կանխարգելման գործում շատ մեծ ու կարևոր դեր ունի նաև ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը։
Հիվանդության բուժման մեթոդները և եղանակները տարբեր են՝ կախված վերջնական ախտորոշումից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։