26/09/2022 16:33
Արցախի ՄԻՊ-ը Բելգիայի խորհրդարանականներին է ներկայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրագործած ռազմական հանցագործությունները
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել են Բելգիայի Թագավորության Սենատի անդամ, Խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո իրագործված ադրբեջանական ռազմական հանցագործությունների, Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի հետևողական ու համակարգային կիրառման հետևանքով մարդու իրավունքների համատարած խախտումների, ենթակառուցվածքների աշխատանքը խոչընդոտելու միջոցով Արցախում բնականոն կյանքը խաթարելու ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։
Պաշտպանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր անհատներն ու կառույցները ստեղծված իրավիճակում պետք է առաջնահերթորեն հանդես գան Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի ճանաչման օրակարգով։
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն և դրա հետևանքով ստեղծված անվտանգության և հումանիտար իրավիճակը՝ շեշտադրելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող գործնական ու զսպիչ գործողությունների անհրաժեշտությունը։
Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ողջունել է բելգիացի խորհրդարանականների հետ ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ Բելգիայի օրենսդիրները կօգտագործեն իրենց հնարավորություններն ու լծակները Արցախի մասին միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու և Արցախի անկախության ճանաչման գործընթացին աջակցելու համար։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան-Բելգիա» բարեկամական խմբի անդամները։