27/09/2022 18:47
Ռուսաստանը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․
«2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը հայ ժողովրդի հետ սգում ենք զոհվածների համար, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, ապաքինում և առողջություն մաղթում վիրավորներին։
Ռուսաստանը ձեռնարկել է և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները լիարժեք իրականացնելու համար, կաջակցի առկա խնդիրների այնպիսի լուծումների որոնմանը, որոնք կապահովեն կայուն խաղաղություն և անվտանգություն Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Համոզված ենք, որ կողմերի միջև բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով` նշված պայմանավորվածությունների հիման վրա»։