27/09/2022 18:05
Արդարների հիշատակը թող օրհնությամբ լինի․ Խաչերթ՝ Ստեփանակերտում
Այսօր լրանում է արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը։ Պատերազմի օրերին հերոսաբար կռված և նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար կատարվել է հոգեհանգստյան կարգ։
Հիշատակի և ոգեկոչման օրը Արցախում սկսվել է մեկ րոպե լռությամբ։ Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում համախմբված ժողովուրդը, Հոգեշնորհ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի առաջնորդությամբ, Արցախի թեմի հոգևոր դասի հետ մեկտեղ, միասնական աղոթքով է սկսել Խաչերթը դեպի Հուշահամալիր, որտեղ տեղի է ունեցել 44-օրյա պատերազմին նվիրված «Լուսո խորան»հուշակոթողի օրհնության կարգ և պատերազմում նահատակված հերոսների հոգեհանգստյան կարգ։
Արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետյան նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, այլ պետական այրեր, հասարակական և քաղաքական գործիչներ, զինծառայողներ և բազում հավատացյալներ: