27/09/2022 11:24
«Հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում». ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը:
Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնի համար կարևոր է երկխոսություն հաստատել Երևանի և Բաքվի միջև:
«Կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել զորքերը ելման դիրքեր, աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ։ Այս հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում. մենք հայտարարել ենք դա թե՛ մասնավոր շփումներում, թե՛ հրապարակայնորեն: Ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակներում, օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները: Կշարունակենք Հայաստանին և Ադրբեջանին մեր աջակցությունը»,-ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։
Նա ասել է, թե ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ, սակայն հստակ ամսաթիվը և վայրը պետք է որոշեն կողմերը:
«Կարծում ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ շփումները բխում են ոչ միայն այդ երկրների, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի շահերից: Կանոնավոր կապի մեջ ենք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Մեր խնդիրն է համախմբել կողմերին և դյուրացնել նրանց միջև երկխոսությունը»,- հայտարարել է Փրայսը: