28/09/2022 19:44
Անոթային դիսթոնիա. Արյունատար անոթների հարմարողական-լարումային ֆունկցիայի խանգարում
Հիվանդությունն առաջանում է նյարդային գերլարվածության կամ քրոնիկական վարակիչ հիվանդությունների, թունավորումների, նյարդային խանգարումների հետևանքով։ Հիվանդության համար բնորոշ են արյան հոսքի տեղային կամ ընդհանուր շրջանառության խանգարումները։ Անոթային դիսթոնիայի ախտանշանները կարող են կրել մշտական բնույթ կամ արտահայտվել վեգետատիվ-անոթային նոպաներով:
Վեգետատիվ - անոթային նոպաների ընթացքը սկսվում է գլխացավով կամ սրտի շրջանի ցավերով, հիվանդի մոտ նկատելի են դառնում դեմքի կարմրություն և գունատություն: Բնորոշ է նաև արյան ճնշման և ջերմաստիճանի բարձրացում և դող։ Առանձին դեպքերում առանց պատճառի հիվանդի մոտ վախի նոպաներ են առաջանում կամ նկատվում է ընդհանուր թուլություն, գլխապտույտ, քրտնոտություն, արյան ճնշման անկում: Հիվանդության նոպաները տևում են մի քանի րոպեից մինչև 2-3 ժ և դադարում գրեթե առանց միջամտության։
Անոթային դիսթոնիայի սրացումների պայմաններում հիվանդի ձեռքերն ու ոտքերը դառնում են կարմրակապտավուն, խոնավ ու սառը, նկատվում է մատերի թմրության զգացողություն, ծակոցներ։ Վեգետատիվ-անոթային նոպաների արտահայտման առավել հանդիպող ձևերից է ուշագնացությունը։
Հիվանդության կանխարգելման միջոցներից է մարմնի և ընդհանուր օրգանիզմի կոփումը, աշխատանքային օրվա ճիշտ կազմակերպումը: Ախտահարվելու դեպքում պետք է դիմել բժշկի և խստորեն անցնել բոլոր հետազոտությունները:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։