28/09/2022 09:44
«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը ԲԴԽ շարքային անդամ կընտրվի, ապա՝ նախագահ, որպեսզի ավարտին հասցնի Գագիկ Ջհանգիրյանի սկսածը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին արդարադատության նախարար, ՔՊ-ի կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում ներկայացված Կարեն Անդրեասյանն ԱԺ-ում հանդիպել է իշխող խմբակցության հետ: Մեզ ասացին, որ խմբակցության մոտ կեսն է ներկա եղել, գրեթե հարց չեն տվել թեկնածուին, հանդիպումը 10-15 րոպե է տևել։ Անդրեասյանն ասել է, թե ինչու է ընդունել նախարարի պաշտոնը թողնելու և դատական համակարգ տեղափոխվելու առաջարկը: Ասել է, որ այնտեղ շատ խնդիրներ է տեսնում և կարծում է, որ «ոլորտն էապես բարեփոխելու կարիք ունի»։ Նա ԲԴԽ շարքային անդամ կընտրվի, ապա՝ նախագահ, որպեսզի ավարտին հասցնի Գագիկ Ջհանգիրյանի սկսածը` դատական համակարգի ստրկացումը:
Մեր աղբյուրն ասաց, որ ՔՊ-ականներն առավել հուզված են եղել ոչ այնքան Անդրեասյանի՝ ԲԴԽ գնալով, որքան նրանով, որ Փաշինյանը մտադիր է նախարար նշանակել ներկայիս փոխնախարար Գրիգոր Մինասյանին` Միքայել Մինասյանի եղբորը, ով իր ընտանիքի հետ տարիներ առաջ կապը խզել է և անգամ ցանկացել է ազգանունը փոխել։ ՔՊ-ում հիշում են, որ Գիգիշը, ինչպես նրան նեղ շրջապատում կոչում են, ժամանակին Փաշինյանի հասցեին շատ վատ է արտահայտվել, և դեմ են եղել նաև նրա` փոխնախարար նշանակվելուն, սակայն եզրակացրել են, որ վարչապետը Կարենի խաթրից դուրս չի եկել` նրա մտերիմ ընկերոջը փոխնախարար նշանակելով։ Լուրեր կան, որ նախարարի պաշտոնին հավակնում է նաև Վլադիմիր Վարդանյանը, սակայն նա Փաշինյանին պետք է խորհրդարանում, քանի որ օրենսդրական բլոկը կմնա անգլուխ»։